Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Դաշնակցությունն սկզբում իրեն պետք է կարողանա «տանել», որ հետո կարողանա ուրիշ ուժերի էլ տանել»

«Դաշնակցությունն սկզբում իրեն պետք է կարողանա «տանել», որ հետո կարողանա ուրիշ ուժերի էլ տանել»
12.05.2009 | 00:00

«ՀԱԿ-Ը ՈՐԵՎԷ «ՕՐԻԵՆՏԱՑԻԱ» ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ԵՎ ՉՈՒՆԻ»
«Իրավունքը de facto»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի աշխատանքները համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
-Պարոն Զուրաբյան, սկսենք ամենահրատապ թեմայից. ինչպե՞ս եք գնահատում Սարգսյան-Ալիև վերջին` պրահյան հանդիպումը:
-Մենք որևէ սպառիչ տեղեկություն չունենք այդ հանդիպումից և արդյունքների մասին կարող ենք դատել զուտ համանախագահների հայտարարություններից. այս անգամ այդ հայտարարություններն ավելի լավատեսական էին: Բոլոր դեպքերում, կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների (որքան էլ փորձ է արվում ապացուցել, որ դրանք միմյանցից անջատ են) միջև, այնուամենայնիվ, քաղաքական սերտ կապ կա, և մեկը մյուսի համար կարծես նախապայման լինի: Այդ զարգացումների նկատմամբ մենք ունենք որոշակի վերապահումներ: Իսկ ընդհանուր առմամբ մենք կողմնակից ենք հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, սակայն, երկու դեպքում էլ, վստահ չենք, որ այդ պրոցեսները չեն շեղվելու այն սկզբունքներից, որոնք մեզ համար ընդունելի են:
-Ի՞նչ վերապահումների մասին է խոսքը:
-Վերապահումները հայ-թուրքական հարցում պատմաբանների հանձնաժողովին են վերաբերում, իսկ ղարաբաղյան հարցում` Լաչինի միջանցքի կարգավիճակին և առաջին էտապում ադրբեջանցիների` Լեռնային Ղարաբաղ վերադարձին, ինչը մենք անհնար ենք համարում: Մենք կարծում ենք, որ պետք է ստանալ հստակ երաշխիքներ և նախապես որոշված պայմաններ` ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու համար: Այս գործընթացների նկատմամբ մեր անվստահության հիմնական աղբյուրն այն է, որ Սերժ Սարգսյանը, որն ունի լեգիտիմության դեֆիցիտ, փորձում է ոչ լեգիտիմության բաղկացուցիչը կոմպենսացնել արտաքին աշխարհի աջակցությամբ` երկու գործընթացներում էլ ինչ-ինչ զիջումների գնալու հաշվին: Նա ցանկանում է դեմոկրատական աշխարհն աչք փակի Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, իրականացվող ռեպրեսիաների վրա: Իսկ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի խնդիրը շատ զգայուն պրոցեսներ են մանավանդ մեր հասարակության համար և առնչվում են լուրջ պատմական պրոբլեմների հետ: Եվ այդ գործընթացներն առաջ տանելու համար իշխանությունները պետք է փորձեին շահել հասարակական կարծիքը, պատրաստել այդ կարծիքը: Եվ քանի որ ՀԱԿ-ն այսօր հասարակության և՛ կրողն է, և՛ ձևավորողը (որքան էլ իրենք` ոչ լեգիտիմ իշխանությունները, դա ցանկանան ընդունել կամ չընդունել), Հայաստանի ցանկացած կառավարության համար բնական տրամաբանությունը պետք է լիներ պրոցեսի մեջ ՀԱԿ-ին ընդգրկելը, որպես հասարակական կարծիքը ձևավորող ուժի:
-Ի՞նչ ձևաչափով:
-Նախ, մենք պետք է ծանոթ լինենք այն փաստաթղթերին, համաձայնագրերին, որոնք ընկած են բանակցությունների հիմքում: Բայց եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում կնքվել է այնպիսի համաձայնագիր, որը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար, այդ դեպքում անգամ մենք վստահություն չենք տածի նման գործընթացի նկատմամբ, քանի դեռ կառավարությունը չի փորձել հաղթահարել այն թշնամությունը, որն այսօր առկա է Հայաստանում:
-Ես, իհարկե, երկու ձեռքով Ձեզ հետ համաձայն եմ, բայց եթե հասունանա պատմական պահը, և մենք շանս ունենանք կարգավորելու նման կնճռոտ հարց, արդյո՞ք ներքին խնդիրներն այդ պահին արծարծելը պատմության դասերի վատ սերտման արտահայտություն չի լինի:
-Դուք ի՞նչ եք կարծում` որևէ կառավարություն իրավունք ունի՞ նախաձեռնելու հայ-թուրքական հաշտություն, երբ չի կարողանում հաղթահարել թշնամանքն իր հասարակության նկատմամբ:
-Խնդիրն այն է, պարոն Զուրաբյան, որ պահն առաջանալու դեպքում մենք կարող ենք, չէ՞, մեր դրսի հարցերը կարգավորել, հետո նորից դառնալ մեր ներքին խնդիրներին, մանավանդ որ արդեն իսկ խոսվում է համաներման մասին:
-Ո՛չ: Այ, երբ կլինի համաներում, դա արդեն ուրիշ հարց է: Ողջ խնդիրը հենց դա է` սկզբում պետք է լինի ազգային հաշտություն, մենք հասարակության մեջ պետք է կարողանանք ապահովել անհրաժեշտ քաղաքացիական համագործակցության մթնոլորտ, և դրանից հետո գնալ այնպիսի բարդ պրոցեսների կարգավորման, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան խնդիրը:
-Ես էլ Ձեզ պես հույս ունեմ, որ իշխանությունների խելամտությունը գոնե մեկ տարի հետո կբավարարի հենց այդպես վարվել, իսկ եթե` ո՞չ:
-Հայաստանի որևէ իշխանություն չի կարող առաջ գնալ այդ հարցերում, եթե պահում է քաղբանտարկյալներ և սեփական ժողովրդի նկատմամբ կիրառում ռեպրեսիաներ: Ինքներս խնդրո առնչությամբ քանիցս առաջարկել ենք «ճանապարհային քարտեզ». քաղբանտարկյալների ազատում, երկխոսության սկիզբ, որի շնորհիվ կապահովվի քաղաքապետական ընտրությունների նորմալ ընթացք, ժողովրդավարական ազատությունների վերականգնում: Այդ պրոցեսներն ավարտելուց հետո մենք կարող ենք լրջորեն ընդունել կառավարության արտաքաղաքական նախաձեռնությունները: Այնպես որ, իրենք են որոշողը, իրենք պետք է «սիգնալ» տան մեզ:
-Ի դեպ, «սիգնալների» առումով. նույն իշխանությունը բավականին զգայուն է արտաքին ազդակներ հղելու հարցում. մեկ շաբաթվա կտրվածքով վերջինս նախ` «փրկօղակ» նետեց Օբամային` «ճանապարհային քարտեզ» ստորագրելով` վերջինիս «օգնելով» «ցեղասպանություն» բառի հարցում, հաջորդ օրը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց և այդպես շարունակ: Ի դեպ, ՀԱԿ-ի աշխարհաքաղաքական «օրիենտացիան» ինչպիսի՞ն է «այս օրերին»:
-ՀԱԿ-ը որևէ «օրիենտացիա» չի ունեցել և չունի, մենք համարում ենք, որ հայ ժողովրդի ազգային շահերի սպասարկումը պետք է ձեռք բերվի բոլոր հնարավոր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ. դրա մեջ է հենց անկախության ամբողջ հզորությունը: Մենք բաց ենք աշխարհի առջև և պատրաստ` համագործակցելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Չինաստանի, և թե՛ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եթե անհրաժեշտ այս պրոցեսներն անցնենք: ՀԱԿ-ում կան և՛ պրոարևմտյան, և՛ պրոռուսական ուժեր, բայց որպես հավաքականություն, ՀԱԿ-ը չունի որևէ աշխարհաքաղաքական կողմնորոշում, մենք համարում ենք, որ ՀԱԿ-ն այսօր արտահայտում է հայ ժողովրդի կամքը` անկախ որևէ աշխարհաքաղաքական կողմնորոշումից, մենք որևէ գերտերության հետ չենք կապում մեր քաղաքական ապագան, և չենք կարծում, որ քաղաքական ուժը պետք է փորձի հիմնվել դրսի աջակցության վրա:
-Եվս մեկ հարց. Տեր-Պետրոսյանը քաղաքական վերադարձի իր անդրանիկ ասուլիսում հետևյալ միտքն էր հայտնել` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բանակցային սեղանին դրված է ղարաբաղյան ընդունելի փաստաթուղթ: Նա նաև ասել էր` ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի: Ժամանակը չէ՞, արդյոք, որ այս մասին խոսենք բարձրաձայն և իսկապես գնանք կարգավորման:
-Ես կարող եմ զուտ իմ կարծիքն ասել. այս թուլացած, ավելին` բռնապետական իշխանությամբ գնալ և կնքել որևէ պայմանագիր-համաձայնագիր, անհնար է, որովհետև կնքված ցանկացած փաստաթուղթ իրականում չի համապատասխանի Հայաստանի ազգային շահերին: Դրա համար էի վերևում ասում, որ պետք է Հայաստանում իրականացվի դեմոկրատական, թավշյա հեղափոխություն, որի արդյունքում կարձակվի հայ ժողովրդի դեմոկրատական ներուժը, և այդ դիրքերից մենք արդեն կարող ենք և՛ բանակցել, և՛ համաձայնության գալ այդ անչափ կարևոր և կենսական հարցերում: Փորձված ճշմարտություն է. որպես օրինաչափություն, բռնապետությունները միշտ ավելի վատ բան են բանակցում, քան ժողովրդավարությունը. ժողովրդավարության բանակցած փաստաթուղթը շատ ավելի ուժեղ է լինում:
-Վերևում Դուք ասացիք, որ կոնգրեսը մի օրգանիզմ է, որտեղ վեկտորալ բոլոր ուղղություններն արտահայտված են։ Հիմա մի շատ կարևոր պահ է, և հայ-թուրքական, թեկուզև` ղարաբաղյան հարցում լիբերալներիդ մոտեցումները թերևս տարբերվում են ՀԱԿ-ի առավել ազգային, սոցիալիստական ուժերի մոտեցումներից։ Մտավախություն չկա՞, թե ինչ-որ պահի նրանք կպոկվեն ձեզանից, և ընդդիմադիր դաշնակցությունը «կտանի» առավել ազգային այդ ուժերին:
-Դաշնակցությունն սկզբում իրեն պետք է կարողանա «տանել», որ հետո կարողանա ուրիշ ուժերի էլ տանել: Դաշնակցությունը դեռևս դա էլ չի կարողանում անել: Եվ եթե անգամ ցեղասպանության հարցում, որը նրանց «կոնյոկն» է եղել մշտապես, չեն համարձակվում գոնե կես անգամ ավելի շատ քննադատել, քան մենք ենք անում. ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել:
-Չէ՛, էդպես չի, և ամենից լավ թերևս դուք գիտեք, որ դաշնակցությունը դեռ «պոզան» պահում է, խաղում է այս իշխանությունների հետ, քանի դեռ «զանգը» չի հնչել, բայց երբ «սիգնալը» տրվի, դաշնակցությունը շատ արագ ու կազմակերպված «կշարվի»:
-Մենք դա դեռ չենք նկատել: Ես տեսնում եմ, որ այսօր քաղաքական միակ ուժը, որին ժողովուրդն անվերապահ վստահում է, ՀԱԿ-ն է` Հայաստանի միացյալ ընդդիմությունը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ. -Լևոն Զուրաբյանի կարծիքը ներքաղաքական և ներՀԱԿական խնդիրների շուրջ` հաջորդիվ։

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ